Թուրքական քաղաքական մշակույթում սիմվոլիկան երբեք պատահականություն չի եղել, ավելին, Անկարան առանձնահատուկ նշանակություն է տալիս խորհրդանիշներին, ժեստերին և արարողակարգային մանրուքներին։ Պետական մակարդակում ընտրված յուրաքանչյուր դետալ տեղավորվում է քաղաքական հաշվարկների և ուղերձների համակարգում։
Այսօր Անթալիայում Նիկոլին օդանավակայանում դիմավորելու համար ընտրվել է ոչ թե, ասենք, առողջապահության, արտաքին գործերի կամ մեկ այլ գերատեսչության ներկայացուցիչ, այլ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի տեղակալը։
Ինչպես հայտնի է՝ մշակույթն ամբողջավին տեղավորվում է պատմական հիշողության, ազգային ինքնության, ժառանգության և քաղաքակրթական պատկանելության տիրույթում: Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում այս ընտրությունն առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ունի։
Ըստ էության, Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկում է նաև որպես պատմական հիշողության և ազգային ինքնության շուրջ նոր քաղաքական իրականություն ձևավորելու հնարավորություն։ Մշակութային ոլորտի ներկայացուցչի ընտրությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ։ Հայաստանի պատմական հիշողության, ինքնության և պետականության հիմնադրույթների վերանայման շուրջ ընթացող գործընթացներին զուգահեռ Թուրքիան իր խորհրդանշական ժեստերով ևս ընդգծում է, թե հարաբերությունների կարգավորման ինչպիսի միջավայր է պատկերացնում։
Այս համատեքստում դիմավորող պաշտոնյայի ընտրությունն ընգծված քաղաքական ուղերձի մաս է, իսկ թուրքական քաղաքականության մեջ նման ուղերձները երբեք չի կարելի կարդալ միայն արտաքուստ։
Հ.Գ. Ի դեպ, պատկերը հատկապես ուշագրավ ու ամբողջական է դառնում, երբ հիշում ենք, թե ինչպես էր Թուրքիան դիմավորել Ալիևին։ Անթալիայում՝ օդանավի տրապի մոտ կազմակերպել էին պետական բարձր մակարդակի ընդունելություն՝ աղուհացով, պատվո պահակախմբով և թուրքական քաղաքական վերնախավի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ասեմ, որ այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ:
Արմեն Հովասափյան